Տերևաթափ անտառներով շրջապատված Դիլիջանում այս օրերին յուրաքանչյուրն իր չափով պատրաստվում է ցրտաշունչ ձմռանը: Քաղաքային իշխանության կողմից մի քանի փողոցներում ընթանում են ասֆալտապատման վերջին աշխատանքները, լուսավորությունից բնակչությունը գոհ է, գիշերով տուն վերադարձողներին փոսային անակնկալներ չեն սպասում, աղբահանությունը, բնակիչների խոսքով, իրականացվում է երևացող վայրերում, իսկ կենտրոնից հեռու հատվածներում մեծ ու փոքր աղբակույտերը լուռ «ննջում» են: Մինչդեռ Դիլիջանը առողջարանային քաղաք լինելուց բացի զբոսաշրջային կենտրոն է, այստեղ է գտնվում աշխարհում հայտնի Դիլիջանի միջազգային դպրոցը, և հարկ է, որ աղբահանության հարցը համարվի առաջնային: Ինչևէ: Քաղաքային իշխանությունների հետ հանդիպման հույս չունենալով, քանի որ հանգստյան օրեր էին, որոշեցի բնակիչների հետ զրուցել քաղաքի կյանքի, իրենց հոգսերի ու երազանքների շուրջ:
Քաղաքի կենտրոնական հրապարակում, քաղաքապետարանի դիմաց ընդարձակ տարածքում տեղադրված նստարանին դիլիջանցի 55-ամյա Լենան հագուստ, գուլպեղեն ու զանազան իրեր է վաճառում: 30 տարի առաջ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղից երեք զավակների հետ տեղափոխվել է Դիլիջան: Մասնագիտությամբ ապրանաքագետ Լենան հանրակացարանի մեկսենյականոց բնակարանում երեխաներին դժվարությամբ մեծացրել է, այսօր երկու որդիները Ռուսաստանում են, տուն ու տեղ ունեն։ «Մի տղաս շինարար է, մյուսը՝ մեխանիկ, իսկ երրորդը դարմայեդ ա, միասին ենք ապրում, աշխատել չի սիրում, դրա համար ես եմ աշխատում, որ կարողանանք ապրել»,- ասում է: Նրա խոսքով քաղաքային իշխանություններն իրեն թույլ են տվել քաղաքի կենտրոնում առևտուր անել: Կենսուրախ ու աստվածավախ Լենան համոզված է, որ աշխատող ու բարի մարդուն Աստված ավելին է տալիս:
«Անկեղծ ասեմ, նեղն եմ ապրում, բայց չեմ դժգոհում, վաստակում եմ որքան կարողանում եմ: Ես հենց սկզբից սիրեցի Դիլիջանի բնակիչներին, լավ ժողովուրդ են, հասնող, օգնող: Մենակ վատն էն ա, որ աշխատատեղ չկա, որ գոնե մարդիկ աշխատեն, կարողանան ապրել, մի գլուխ բանկեր են բացվում... Հրեն, մի պանսիոնատ կար, ձեռքներից առան, սենյակները ռեմոնտ արեցին ու հյուրանոց են դարձրել, իսկ շատ մարդիկ էսօր վարձով են ապրում, ինչի՞ շենքեր չեն կառուցում, մի կյանք ա, մարդիկ մարդավարի չապրե՞ն»,- նեղսրտում է Լենան:
Քաղաքի անցուդարձի լավագույն «գիդը» տաքսու վարորդն է: Քիչ հեռվում, մեքենային արևկող արած, կանգնած էր մի տաքսիստ: 59-ամյա Հրաչյան տարիներ շարունակ իր անձնական մեքենայով սպասարկել է դիլիջանցիներին: Վերջին շրջանում աշխատանքը պակասել է, քչերն են օգտվում տաքսուց, հիմնականում՝ դասերից ուշացող դպրոցականները: Քաղաքային տրանսպորտն աշխատում է կես ժամը մեկ, մարդիկ սովորել են ոտքով երթևեկել: Վարպետ Հրաչյան հիշում է՝ խորհրդային տարիներին 30 հազար բնակչություն ունեցող Դիլիջանում կյանքը եռում էր, առողջարաններում ու հյուրանոցներում «տեղ-դադար չկար», իսկ այսօր արտագաղթը կիսով չափ դատարկել է քաղաքը: Նախկինում շատերը մեկնում էին Ռուսաստան, սակայն, ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով, մեկնողների թիվը նվազել է, շատերն էլ վերադառնում են:
Աշնանից սկսած մինչև հուլիս ամիսը քաղաքում «մեռյալ» սեզոն է, տաքսիները գրեթե անգործ են, մայրաքաղաք մեկնող հատուկենտ ուղևորների համար տաքսու գինը 12000 դրամ է, նույնքան էլ՝ վերադարձը: Հրաչյայի խոսքով ճանապարհները բարձիթողի վիճակում են, երկար ժամանակ է, որ մայթերի եզրաքարերը քանդած-թափված են. «Տաքսիստի աչքից ոչինչ չի վրիպում, ամեն ինչ նկատում է, ամեն ծակ ու ծուկ մտնում-դուրս ենք գալիս, գիտենք քաղաքի վիճակը: Մեր Դիլիջանում 5 դպրոց, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և բուհերի 2 մասնաճյուղեր ունենք, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն ու գրադարան ունենք, լավ է, սակայն վատն այն է, որ գրադարանի դուռը բացող չկա, էսօրվա երիտասարդությունը գրադարանի կողքով է անցնում, ներս մտնող չկա, մեր ժամանակ ուրիշ էր»,- ասաց Հրաչյան: Նա առանձնակի հպարտությամբ ներկայացրեց Դիլիջանի մշակութային կենտրոններից հատկապես «Քյարամի քուչա» կոչվող թաղամասում գտնվող 1979 թվականին բացված Ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը: Պատմեց, որ թանգարանի շենքը կառուցվել է 1896 թվականին և պատկանել հայտնի ազգային-հասարակական գործիչ, բարերար, իշխանուհի Մարիամ Թումանյանին։ Մասնաճյուղը բացվել է այդ տան վերջին բնակչի՝ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ: Դիլիջանի մշակութային մյուս հպարտությունը Հին Դիլիջան պատմական թաղամասում գտնվող «Թուֆենկյան Հին Դիլիջան համալիրն» է: 2004-ին ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը սկսեց վերակառուցել քաղաքի պատմական թաղամասը՝ Շարամբեյանի փողոցը, պահպանելով 19-րդ դարի ճարտարապետությունը, ինչն այժմ կարող են տեսնել քաղաք եկող զբոսաշրջիկները: 19-րդ դարի Դիլիջանին հատուկ ոճով ձևավորված գեղեցիկ պատշգամբները վկայում են փայտամշակման արվեստի հանդեպ դիլիջանցիների ունեցած սերը: Հին Դիլիջանում է գտնվում նաև «Եսայան» թանգարանը, որտեղ ցուցադրված են 19-րդ դարի կենցաղային իրերի, տնային գործվածքների, ձեռագործ աշխատանքների և տարածաշրջանային երաժշտական գործիքների հավաքածուներ:
Սակայն, Հրաչյայի համոզմամբ, ամենագեղեցիկը Դիլիջանի բնությունն է, անտառներն ու սարերը, որոնց գեղեցկությունը կարող է գրավել արվեստագետին, նկարչին, բայց առտնին հոգսերից աչք չբացող դիլիջանցին անհաղորդ է այդ գեղեցկությանը, անտառը նրա համար եկամուտի աղբյուր է, որտեղից հավաքած մոշը, մորին, այլևայլ հատապտուղներ, տխիլն ու ընկույզը վաճառում է շուկայում:
Հրաչյայի խոսքով՝ անտառի կենդանիները քաղաք չեն իջնում, գայլերն ու արջերը մեքենանների ձայնից ու փողոցների լուսավորությունից վախենում են, չեն առաջանում:
«Արջը հատկապես կնիկարմատից ա վախենում, չնայած հենց նրան էլ սիրում ա փախցնել, դե, վախենում ա, տո, կնիկարմատից տղամարդն ա վախենում, արջն ո՞վ ա, որ չվախենա»,- կատակում է Հրաչյան:
Անձրևոտ օրերին Դիլիջանի փողոցներով, ինչպես Երևանում, անձրևաջրերի գետակներ են հոսում, մարդկանց համար անցուդարձը դժվարանում է: Անձրևներից հետո խմելու ջուրը պղտորվում է, ծորակից հոսող ջուրը դառնում անպիտան, անդուր հոտով: Քաղաքում կան բազմաթիվ ցայտաղբյուրներ, որոնցից տեղացիները օգտվում են ու խորհուրդ են տալիս օգտվել այցելուներին։
Հետաքրքրվում եմ՝ քաղաքային իշխանություններն օգնու՞մ են անապահով ընտանիքներին, կամ ինքը երբևէ դիմե՞լ է օգնության խնդրանքով:
«Չէ, էստեղ մեկմեկու ճանաչում են, ամոթ ա, որ մի խնդիրքով դիմեն, օգնություն խնդրեն, ինչքան ուզում ա սոված լինեն, չեն դիմի, ինքնասիրության հարց ա, ավելի լավ ա գիշերը աշխատեմ, տանջվեմ, քան գնամ օգնություն խնդրեմ: Մի քիչ որ աշխատասեր լինես, էս անտառի բարիքներով էլ կապրես, կստեղծես»,- ասում է Հրաչյան:
Հին Դիլիջան պատմական հատվածում այգեպան Հրահատն իր գործին էր: 2001 թվականին Վայոց ձորի Վայք քաղաքից տեղափոխվել է Դիլիջան, մինչ այդ 30 տարի ապրել է Վանաձորում, որտեղ էլ երկրաշարժից հետո կորցրել է տունն ու տեղը: Սիրում է Դիլիջանը, ասում է, որ քաղաքն իր մաքուր օդի, սիրուն բնության ու միջազգային դպրոցի շնորհիվ դարձել է ճանաչված ողջ աշխարհում:
«Քաղաքում հարուստ ու աղքատ ապրողներ կան, բա, հո բոլորը միանման չե՞ն: Լավն էն ա, որ բանկերը շատանում են, հիմի կասես, քե՞զ ինչ, էլի որ ինձ օգուտ չկա դրանից, իմ քաղաքի համար եմ ուրախանում: 80 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, կինս աշխատում էր Դիլիջանի մանկական հակատուբերկուլյոզային առողջարանում, անցյալ տարի փակվեց, շատերը մնացին առանց աշխատանքի: Հիմա իմ աշխատավարձով ենք ապրում, դժվար ա, բայց էդ ա»,- ասում է Հրահատը:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հ. Գ. Երբ մայրուղիներից կտրված, թերի ենթակառուցվածքներով հեռավոր գյուղերում կամ քաղաքներում լսում ես աշխատանքից ու ապրուստից դժգոհող մարդկանց, ինչ-որ տեղ հասկանում ես նրանց, սակայն Դիլիջանի նման քաղաքների ռեսուրսն ու ներուժը սեփական բարեկեցությունը բարելավելու համար չօգտագործելը մեղք է: Սա՝ ի հիշեցումն և՛ բնակչի, և՛ քաղաքային իշխանության ու պետության: